Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի իր միկրոբլոգում դատապարտել է Ադրբեջանում հայերի դեմ ընթացող շինծու դատավարությունները:
«Ինչպես ավելի վաղ նշել էի, Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, ֆարսի ժանրից են, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հանդեպ ծաղր և համընդհանուր ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում։
Այսօր 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը կրկին հերքեց իր մասնակցությունը Մեշալիի դեպքերին և ներողություն խնդրեց հայերեն՝ բառացիորեն ասելով. «Ես այնտեղ չեմ եղել: Ես բոլորից ներողություն եմ խնդրում, բայց այնտեղ չեմ եղել»։
Սակայն թարգմանիչը հաղորդեց, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են՝ այդպիսով սխալ մեկնաբանելով Վագիֆի խոսքը։
Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի օրոք արդար դատաքննություն չի կարող իրականացվել, ուստի նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բոլոր գերիներին»,- գրել է Մարուքյանը։