ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչ գործընթաց կա Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների թույլ տված խախտումների հետ կապված։
Պատգամավորը հիշեցրեց, որ ռուսական ալիքները հեռարձակվում են 2020 թվականին կնքված միջկառավարական համաձայնագրի համաձայն, որով նշված են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու արգելք։
«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Տեղեկացնեմ, որ համաձայնագիրը ուժի մեջ է մտել ռուսական կողմից 2023 թվականի մարտին, այսինքն՝ կոնսուլտացիաների համար ժամանակ չի եղել, քանի որ նախկինում այն վավերացված չի եղել ռուսական կողմից։ Անհրաժեշտության դեպքում, իհարկե, կոնսուլտացիաները կիրականացվեն, բայց աշխատանքային կարգով որոշակի շփումներ կան, և խախտումների հետ կապված արձանագրությունների պատասխանատու է, ըստ համաձայնագրի, ՀՌՀ-ն։ Մենք հարցում ենք ուղարկել և ստացել ենք որոշակի խախտումներ, որոնք արձանագրվել են վերջին շրջանում, նաև հոկտեմբերի 23-ին որոշ հաղորդումներից ևս արձանագրություններ կան խախտումների վերաբերյալ։ Այս պահին չեմ կարող ասել, թե ի՛նչ որոշում կա, ի՛նչ քայլեր են արվելու, բայց քննարկումներն ընթացքի մեջ են։ ԱԳՆ-ն այդ հաղորդման վերաբերյալ ևս
նոտա է հանձնել ՌԴ դեսպանին։ Ավելի մանրամասն հետագա քայլերի հետ կապված կտեղեկացնենք»։