Այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի հերթական առաջարկներ է փոխանցել, նոր չի տեղի ունեցել. ես չգիտեմ` ինչու է մամուլում դա նորից շրջանառվում. արդեն որոշակի ժամանակ է՝ մենք ստացել ենք. արդեն մեր հերթն է մեր հերթական պատասխանը տալու: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով խաղաղության օրակարգի վերաբերյալ հարցին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Եթե նաև ստանանք Ադրբեջանի ղեկավարի հաստատումը առաջիկա հանդիպումների, երկու երկրների ղեկավարների հանդիպումը, անշուշտ, էլի մի քայլ պետք է, որ մեզ բերի դեպի խաղաղություն, և նաև խաղաղության պայմանագրի զուտ տեքստի առումով կրկին ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել»,- նշեց նախարարը:
Խոսելով «3+3» հարթակի օգտակարության մասին՝ Միրզոյանը հիշեցրեց, որ վերջին թեհրանյան հանդիպմանը այդ հարթակը հնարավորություն ստեղծեց իր և Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպման համար: «Այդ հարթակում մենք ոչ պաշտոնական շփում ունեցանք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Թեև ոչ պաշտոնականը ենթադրում է որոշակի հպանցիկություն, որոշ հարցերի անդրադարձանք»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Նա ընդգծեց, որ ընդհանրապես Հայաստանը շահագրգիռ է զարգացնել իր հարաբերությունները բոլոր երկրների հետ, որոնց հետ այս կամ այն կերպ առնչվում է; «Ռուսաստանի հետ ունենք պատմականորեն ձևավորված հարաբերություններ և որոշակի իրավական փաստաթղթերով ֆիքսված հարաբերություններ, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի հետ ունենք և բազմաթիվ այլ երկրների հետ արևմուտքում, արևելքում, հյուսիսում և հարավում: Անշուտ, մենք շահագրգիռ ենք նաև ունենալ նորմալ հարաբերություններ մեր հարևանների հետ: Ցավոք սրտի, մեր անմիջական 4 հարևաններից 2-ի հետ մենք չունենք հարաբերություններ, և ունենք խոր հակամարտության ծանր պատմություն: Հիմա մենք գործադրում ենք մեր բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այդ բոլոր հարաբերությունները կարգավորվեն, իսկ որոնք կարգավորված են՝ ավելի զարգանան: Մենք շահագրգիռ ենք դրանում. ես չեմ կարծում, թե կա պետություն, որը չի ուզում ներդաշնակ, խաղաղ և բոլորին ձեռնտու շահավետ մթնոլորտում զարգացնել հարաբերությունները իր տարածաշրջանում իր հարևանների հետ: Այս առումով «3+3» հարթակը լավ քննարկումների հարթակ է, կարծում եմ՝ օգտակար հարթակ է, բայց չպետք է սահմանափակվենք այս հարթակով:
Շատ խոսեցինք և պետք է շարունակենք խոսել Խաղաղության խաչմերուկի մասին: Մենք ոչ միայն ցանկանում ենք քաղաքական հարաբերությունները կարգավորել, քաղաքական երկխոսություն սկսել, այլև տնտեսական, լոգիստիկ, տրանզիտային, մշակութային, շատ տարբեր ոլորտներում: Մեր մտադրությունների և մեր պատկերացումների լավագույն մարմնացումը հենց Խաղաղության խաչմերուկն է»,- ասաց Միրզոյանը: