ԼՂ-ից բռնի տեղահանվածները վերջին 1 ամսվա ընթացքում, ծանոթ չլինելով Հայաստանի ճանապարհներին և ծանր հոգեբանական վիճակում, Երևանում և մարզերում ճանապարհային մի շարք խախտումներ են արել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է նրանց տուգանքները չեղարկվեն:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը նախ տեղեկացրեց, որ ԼՂ-ի բնակիչների՝ տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված վարչական արձանագրությունների վիճակագրական տվյալներ չկան, սակայն վերջին 1 ամսվա ընթացքում եղել են գույքային ու մարմնական վնասվածքներով պատահարներ: Խոսքը սեպտեմբերի 21-ից մեկամսյա ժամկետին է վերաբերում:
«Կոնկրետ իմ կողմից տրվել է (հանձնարարական -խմբ.) Պարեկային ծառայությանը և ՃՈ-ին, որպեսզի 1 ամիս լինեն բավականին մեղմ, և ոչ մի վարչական արձանագրություն չկազմեն, միայն և միայն՝ նախազգուշական:
Այսինքն՝ մենք որևէ վարչական արձանագրություն ձեր նշած ժամանակահատվածում չենք կազմել ԼՂ-ի քաղաքացիների [մասով]»,- ասաց Վահե Ղազարյանը՝ վերահաստատելով, որ 1 ամսվա շրջանակում արձանագրված բոլոր խախտումները «հեչ են լինելու»:
Նա միաժամանակ նշեց, որ եղել են դեպքեր, երբ ԼՂ-ից տեղահանվածները կեղծ համարանիշներով, կողային ապակիները թաղանթապատված մեքենաներ են վարել, ինչը, այնուամենայնիվ, ճիշտ մոտեցում չի համարում: