Էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը մեր օրակարգում է, էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան նույնպես մեր օրակարգում է: Էներգետիկ շուկայում որոշակի զարգացումներ ապահովելը նույնպես մեր օրակարգում է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Իրան-Հայաստան գազամուղի հնարավորություններին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կրկին պետք է շեշտեմ շատ կարևոր բարեփոխում՝ էներգետիկ շուկայի ազատականացումը, երբ շուկայում էներգիա արտադրողները ազատ առևտուր անելու հնարավորություն ունեն: Պետք է ասեմ նաև, որ այնպես չէ, որ եթե ես ճիշտ գիտեմ՝ Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալն ամբողջությամբ օգտագործվում է, այդ պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ԻԻՀ մեր գործընկերների հետ մենք կնքեցինք պայմանագիր՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը մինչև 2030 թվականը երկարացնելու վերաբերյալ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է: Ներկայումս պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ այսօր աշխարհում կան տեխնոլոգիաներ, որոնք ակտիվորեն զարգանում են: Դրանցից է, մասնավորապես, մարտկոցային էլեկտրակայանների հիմնումը, որը արդեն աշխարհում շատ մեծ թափ է ստանում, և մենք նաև այդ ուղղությամբ ենք մտածում և աշխատում: Կարող է պարզվել, որ ՀՀ-ն էներգետիկ առումով ինքնաբավ պետություն է, եթե պարզվի, որ մենք արևային էներգիայի հզորություններ ունենք: Արևային էներգիայի պոտենցիալը մեր երկրում շատ մեծ է: Հիմա արդեն տեխնոլոգիաները կան, և կարող է մենք մի քիչ էլ նույնիսկ ուշացել ենք, բայց իրականում չենք էլ ուշացել: Հիմա շատ մեծ տեմպերով արևային էներգետիկան զարգանում է, այդ թվում՝ անհատական մակարդակով, և նաև դա էներգետիկ բալանսի մեջ բերում է որոշակի նորություններ»,- նշեց Փաշինյանը: