Կանադան բարձր է գնահատում Հայաստանի ընթացիկ ջանքերը՝ ուղղված խաղաղության և կայունության ապահովմանը տարածաշրջանում, բայց բոլորս ենք համակարծիք, որ պետք է անել ավելին: Այդ մասին ԱԳՆ-ում նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին:
«Մեր շարունակվող աշխատանքի շրջանակում Կանադան կոչ է անում լիարժեքորեն հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և վերահաստատում է, որ շատ կարևոր է խստագույնս հետևել ուժի և ուժի սպառնալիք չկիրառման սկզբունքին:
Կանադան նաև շարունակում է կոչ անել Ադրբեջանի Կառավարությանը հարգել ԼՂ-ից վերջերս տեղահանված հայերի վերադարձի իրավունքը և, բարի կամք դրսևորելով, ապահովել ԼՂ-ի անխոչընդոտ մարդասիրական հասանելիությունը՝ էթնիկ հայերի անվտանգ վերադարձն ապահովելու նպատակով»,- ասաց նա:
Կանադայի ԱԳ նախարարը նաև տեղեկացրեց, որ գործընկերների հետ շարունակում են աշխատել, որպեսզի մեղմեն քաղաքացիական անձանց նկատմամբ չհիմնավորվող ռազմական ակցիայի հետևանքները:
«Մենք նաև շարունակում ենք աշխատել՝ գտնելու տևական բանակցված լուծումը այս հակամարտության: Այսօր ավելի, քան երբևէ, կարևոր է, որ Կանադան և ամբողջ աշխարհը ցույց տան իրենց աջակցությունը հայ ժողովրդին 1915-ի Հայոց ցեղասպանության հետևանքները կրած անձանց սերունդների համար, ինչպես նաև ԼՂ-ից հեռացած համայնքների համար, որի պատճառով առաջացավ այն մարդասիրական ճգնաժամը, որը տեսնում ենք հիմա»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Ծիծեռնակաբերդում առավոտյան մասնակցել է 1915-ին զոհվածների հիշատակման արարողությանը:
Մելանի Ժոլին նաև ասաց, որ Կանադան ավելացնում է մարդասիրական աջակցությունը ԼՂ-ից հեռացած անձանց՝ հասցնելով այդ գումարը 3,9 միլիոն դոլարի: Դրա մեջ մտնում է լրացուցիչ 1 միլիոն դոլարի ֆինանսավորումը ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակին՝ մարդկանց կյանքեր փրկող աջակցության նպատակով: Եվս 2,5 միլիոն դոլարի ֆինանսավորում ԿԽՄԿ-ին, որը կօգնի մեղմել տառապանքը և հրատապ խնամք կազմակերպել այն անձանց համար, որոնք դրա կարիքը ունեն:
«Վաղը կուղևորվեմ Ջերմուկ, որպեսզի անձամբ տեսնեմ մարդասիրական ճգնաժամի հետևանքները, կհանդիպեմ տեղահանված ընտանիքներին և կքննարկեմ տեղի առաջնորդների հետ իրավիճակը»,- ասաց նա՝ նկատելով, որ միասին պետք է աշխատել ուղիներ գտնելու և բարելավելու համար այն անձանց իրավիճակը, որոնք հարյուրամյակներ շարունակ այդ [ԼՂ] տարածաշրջանը իրենց հայրենիքն են համարել:
«Ես սրտագին հույս ունեմ, որ հաջորդ անգամ երբ հանդիպենք, հանդիպենք, որպեսզի տոնենք խաղաղությունը, անվտանգությունը և բարեկեցությունը, որոնց մասին բոլորս ենք երազում և բոլորս ենք արժանի»,- ասաց նա: