Վերջին տարիներին Կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ արդյունավետ պայքար մղելու ինքնակամ կառույցների դեմ: Քայլերն ուղղված են եղել օրենսդրական փոփոխությունների արդյունքում ինքնակամ կառույցների օրինականացման բացառման, ինչպես նաև պետական և համայնքային ենթակայության հողամասերի, վերակառուցված ինքնակամ շինությունների քանդման արդյունավետ գործիքակազմերի ներդրմանը, բայց նշված քայլերը ամբողջությամբ չեն լուծել ինքնակամ շինությունների կանխարգելման հարցը, և այսօր էլ այս մասով խախտումները ՀՀ-ում մեծ թիվ են կազմում: Այս մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 25-ի նիստի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացնելիս:
«2022-ին փոփոխություններ են տեղի ունեցել, շինթույլտվության համար պետտուրքի չափն էականորեն բարձրացվել է, նախկինում 50 հազար դրամ էր: Այս պարագայում, երբ մենք այսպիսի բարձրացում ենք թույլ տվել 2022-ից հետո, որի շրջանակներում ստացվում է, որ շինթույլտվություն ստանալու համար անձը պետք է վճարի 200 հազարից 1 մլն դրամ, իսկ ապօրինի շինության համար վարչական տուգանքը կազմելու է 500-750 հազար դրամ, մենք ստեղծել ենք այսպիսի իրավիճակ, որով ավելի ձեռնտու է դառնում ունենալ ինքնակամ կառույցի կարգավիճակ, քան, պետության սահմանած տուրքերը վճարելով, կառուցել օրինական կառույց:
Այս առնչությամբ միակ հնարավոր տարբերակը, չնայած խուսափում ենք և բազմիցս նշել ենք, որ վարչական իրավախախտումներում տուգանքների ավելացումը Կառավարության առաջնահերթություններից չէ և ցանկալի չէ, բայց այս պարագայում, մենք կարծում ենք, որ իրավաչափ է և անհրաժեշտություն է ավելացնել ինքնակամ կառույցների համար տուգանքների չափը:
Ըստ այդմ՝ տուգանքի չափը ինքնակամ կառույցի համար 500 հազարից 1000-ապատիկն է, ներկայումս առաջարկում ենք 750 հազարից 1500-ապատիկը: Նույն արարքներով պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում նվազագույն աշխատավարձի 1500-2000-ապատիկն էր նախատեսում օրենքը, մենք առաջարկում ենք 2000-2500-ապատիկը: Եվ ամենախիստ պատիժը նախատեսում ենք, իհարկե, վերոնշյալ արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելուց հետո շարունակելու դեպքում, և այս դեպքում առաջարկում ենք դարձնել տուգանքի չափը 2500-3000-ապատիկի չափով»,- ասաց Արմենուհի Հարությունյանը:
Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նկատեց՝ պետք է հասկանալ՝ տուգանքը բարձրացնելով՝ խնդիրը լուծվո՞ւմ է, կամ տուգանքը վճարելով՝ խախտումը վերանո՞ւմ է:
Ոչ թե հետևանքների դեմ պայքարող օրենսդրություն պետք է բերել, այլ պատճառները վերացնող: Նախագծին անդրադառնալիս այս մասին ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ հանձն առնելով հարցի քննարկումը տեղափոխել նաև պետական-իրավական հարցերի հանձնաժողով: