Մեր կողմից նման հայտարարություն չկա, կարելի է ենթադրություն անել, որ դա ադրբեջանական կողմի նախաձեռնությունն է: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չեղարկված հանդիպմանը՝ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ մինչև ամսվա վերջ Բրյուսելում հնարավոր եռակողմ հանդիպման մասին հայտարարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Գրանադայում Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանդիպման չեղարկումը պատճառաբանել էր ժամանակի սղությամբ:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք պատճառը Թեհրանում «3+3» ձևաչափով կայացած հանդիպո՞ւմն էր, Սիմոնյանը տվեց բացասական պատասխան:
«Վերջիվերջո, մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ: «3+3»-ը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, ես այդ ձևաչափին վերաբերվում եմ որպես սկսնակ ձևաչափ և գնահատականներ չեմ ցանկանում տալ»,- ասաց Սիմոնյանը՝ ընդգծելով՝ տարածաշրջանի խնդիրները պետք է քննարկել տարածաշրջանի երկրների հետ:
Ինչ վերաբերում է «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ ՀՀ ԱԳՆ կանչված Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին հանձնված բողոքի հայտագրին, Ալեն Սիմոնյանը նկատեց՝ հայկական կողմը իրեն մշտապես պարկեշտ է պահել, երբևիցե ոչ դաշնակցային և ոչ գործընկերային ձևով չի դրսևորել:
Նրա խոսքով՝ սա նմանատիպ առաջին դեպքը չէ, երբ ռուսական կողմն իրեն այդպես է պահում: Սիմոնյանը հիշեցրեց ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, ռուսական քարոզչության գաղափարախոսների մեղադրանքները:
ԱԺ նախագահի կարծիքով՝ ռուսական կողմը փորձում է ինչ-որ բան անել, ինչը մեր ժողովրդավար հասարակության մեջ հակառակ ազդեցությունն է ունենում:
«Ես չգիտեմ՝ իրենց խորհրդատուներն ովքեր են, բայց նույն հայտարարությունները ՀՀ-ում հակառակ արձագանքն են ունենում: Թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն նման բան անելուց»,- նշեց ԱԺ նախագահը: