Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:
Հանդիպմանը Հակոբ Արշակյանը կարևորել է հաջորդ տարի Երևանում անցկացվելիք Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովը և ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի պատրաստակամությունը համաժողովն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման, ինչպես նաև Եվրոպական խորհրդի արձագանքը` կարևորելով Հայաստանի տարածքային ամբողջականության, անկախության, ժողովրդավարության, ուժի կիրառման բացառման և փոխադարձության սկզբունքները:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարին` շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը: