Հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 25-ի նիստին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով ուղևորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ՝ առանց հարկային պարտավորությունների և վերահսկողության:
Առկա խնդիրները կարգավորելու և օրենսդրական բացերը լրացնելու նպատակով մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է՝
-
կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն.
-
սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրք՝ տարեկան 1 մլն դրամի չափով.
-
լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագրի պետական տուրք, անկանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոսի չափով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 2,5 տոկոսի չափով, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով, իսկ կանխիկ վճարման դեպքում համապատասխանաբար 2024 թվականին՝ 2 տոկոսի չափով, 2025 թվականին՝ 3,5 տոկոսի չափով, 2026 թվականին՝ 5 տոկոսի չափով»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններն են իրականացնելու պետտուրքի գանձումն ու վճարումը պետբյուջե:
Ըստ ՏԿԵ նախարարի տեղակալի՝ փաթեթի ընդունման դեպքում կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ու տաքսի ծառայությունների համար, առավել թափանցիկ և վերահսկելի կդառնա էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրումների իրականացման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնելու համար կսահմանվեն հարկային պարտավորություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի պետբյուջե մուտքերի ավելացմանը:
«ՀՀ տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների միասնական երթուղային ցանցի գործընթացը դյուրացնելու, ոլորտում ներդրումային միջավայրն առավել գրավիչ դարձնելու, միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների հարկային բեռը թեթևացնելու նպատակով առաջարկվում է հանել միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների համար «Պետտուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնագրի պահանջը»,- ասաց Արմեն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է՝ փաթեթն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարծիք հայտնեց, որ նախագիծը կարևոր է, քանի որ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ տաքսի ծառայությունները վերացել են, դրանց փոխարեն կան անհատ վարորդներ, և կան օնլայն հարթակներ, որոնց միջոցով անհատ վարորդները մատուցում են իրենց տաքսի ծառայությունները:
«Մենք՝ որպես պետություն, վերահսկողությունը մի քիչ թուլացրել ենք, և արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ տեսականորեն բոլորը կարող են տաքսի ծառայություններ մատուցել»,- ասաց Թունյանը, ապա հավելեց. «Բեռը շատ մեծ չէ, այսինքն՝ եթե 1000 դրամանոց պատվեր է, առաջին տարում դրա վրա կարող է ավելանալ 15-20 դրամ, հաջորդ տարում՝ 25-30 դրամ, հետո՝ 40-50 դրամ»: