ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները կոնգրեսական Մայք Ջոնսոնին իրենց թեկնածու են ընտրել խոսնակի պաշտոնում, հայտնում է CNN-ը։
Ենթադրվում է, որ հանրապետականները չորեքշաբթի առավոտյան կքվեարկեն փակ դռների հետևում՝ որոշելու, թե արդյոք Ջոնսոնը կարո՞ղ է ապահովել 217 ձայն, որն անհրաժեշտ է խոսնակի պաշտոնը ստանձնելու համար:
Հոկտեմբերի 3-ին Ներկայացուցիչների պալատը քվեարկեց հանրապետական Քևին Մաքքարթիին խոսնակի պաշտոնից հեռացնելու օգտին։ Հանրապետական Պատրիկ Մաքհենրին նշանակվեց ժամանակավոր խոսնակ:
Դեմոկրատները, որոնք փոքրամասնություն են Ներկայացուցիչների պալատում, ամեն անգամ քվեարկում են իրենց թեկնածու Հաքիմ Ջեֆրիսի օգտին։
Քանի դեռ Ներկայացուցիչների պալատը խոսնակ չի ընտրել, չի կարող բյուջեի շուրջ բանակցություններ վարել կամ օրենքներ ընդունել: Մասնավորապես, այն չի կարող Ուկրաինային և Իսրայելին հատկացնել Սպիտակ տան պահանջած ֆինանսավորումը հետագա ռազմական օգնության համար։