ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 22-27-ը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվում է Լուանդայում:
Պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը:
Այցի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Լուի Ժան դը Նիկոլայի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ փոխխոսնակը կարևորել է Ֆրանսիայի աջակցությունն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու հարցում` այս համատեքստում հիշատակելով Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանների գումարումը և Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի ու Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի երկու այցերը Հայաստան:
Հակոբ Արշակյանը խոսել է Ադրբեջանի հարձակման հետևանքով էթնիկ զտման ենթարկված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների մասին, շնորհակալություն հայտնել տրամադրված աջակցության համար:
«2021 թվականից ի վեր Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ապօրինաբար օկուպացրել շուրջ 150 քառակուսի կմ տարածք»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:
Նա համոզմունք է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները կշարունակեն իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առաջնային մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցելու ուղղությամբ` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Միջխորհրդարանական միությունը:
Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին և նշել, որ մարտահրավերների հաղթահարման գործում Ֆրանսիան Հայաստանի կողքին է, աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ժողովրդավարությանը: