Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները մասնակցել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած՝ «Համաճարակաբանական տեղեկատվություն բաց աղբյուրներ (ՀՏԲԱ)» խորագրով դասընթացին։
«Դասընթացին ներկայացվել են հանրային առողջությանը սպառնացող՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների վաղ հայտնաբերման, հաստատման, գնահատման և դրանց վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման հիմնական մեխանիզմները, կանխարգելման համապատասխան միջոցառումների հաջորդականությունը։
Մասնակիցները ծանոթացել են բաց աղբյուրներից համաճարակաբանական տեղեկատվության ստացման համակարգի օգտագործման գործընթացին՝ համաճարակային հսկողության և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող իրադարձությունների վաղ բացահայտման համար։
Դասընթացը Հայաստանում Միջազգային առողջապահական կանոնների (2005) ներդրման ուղղությամբ իրականացված հերթական քայլերից է և հնարավորություն կտա պատասխանատու կառույցներին՝ առավել թիրախային և հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտային գործընթացների կազմակերպման հարցում»,- նշված է հաղորդագրությունում։