ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած նիստին՝ արտահերթ ելույթի ժամանակ, անդրադարձել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, որով վերջինս խոսել էր դատական գործընթացներում առկա բացթողումների մասին:
«Ես դատական համակարգի հետ ուրիշ խնդիր ունեմ: Ինչո՞ւ նստած չեն այն մարդիկ, որոնք վաղուց պետք է նստած լինեին»,- նշել է ԱԺ նախագահն ու խոսել մի շարք զգայուն թեմաների հարցում իրականացվող մանիպուլյատիվ քայլերի մասին:
«Այն արդարադատությունը, որն իրականացվում է, այո՛, շատերին ձեռնտու չէ: Մարդիկ, որոնք Մարտի մեկ են արել, ընտրություն են կեղծել, մարդկանց ծեծել են տվել, թալանել են այս երկիրը, որոնք սեփականաշնորհել են այս երկիրը, գույքը պարտքի դիմաց տվել են, հետո վերցրել են, հետո տվել են իրենց տղաներին, հետո մենաշնորհներ են ստեղծել, այդ մարդիկ ինչո՞ւ նստած չեն»,- դիմելով դատական իշխանության ներկայացուցիչներին՝ արձանագրել է Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ Հայաստանի ժողովրդավարության աստիճանը երբևէ այսքան բարձր չի եղել: