ՀՀ-ում նախատեսվում է ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, ինչի հիման վերջիններս ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն կստանան: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Ըստ Ավանեսյանի՝ ՀՀ գերակա նպատակներից է առողջապահության ոլորտի ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով բուժհաստատությունները բարձրագույն, հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովելը: Բուժաշխատողների աշխատանքի առանձնահատկությունները հիմք են, որպեսզի նրանք մասնագիտական գործունեության ընթացքում նոր գիտելիքներ, հմտություններ ձեռք բերեն, ինչը կանդրադառնա նաև բուժսպասարկման որակի բարձրացման վրա: Ուստի Կառավարությունը հանձն է առել ներդնել մասնագիտական անհատական լիցենզիաների համակարգ:
«2023 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ բժշկական մասնագիտական գործունեություն իրականացնելու համար հավաստագրման պարտադիր պահանջը, որը բարեհաջող իրագործվեց, և մենք 2023-ի հունվարի 1-ի դրությամբ ունենք արդեն 35 հազար բուժաշխատող, որոնք անցան ամբողջ գործընթացով և ստացան հավաստագրեր»,- ասաց նա և հավելեց, որ ավագ բուժաշխատողների համար օրենքի՝ ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել մինչև 2027 թվականի հունվարի 1-ը, իսկ կլինիկական օրդինատորների և ռեզիդենտների համար՝ մինչև 2025-ի հունվարի 1-ը:
Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է ներդնել 2 տեսակի անհատական լիցենզիա՝ ժամանակավոր և ամբողջական գործարկված:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց՝ 2023 թվականից մեկնարկել է ՇՄԶ-ների ստացման գործընթացը, այդ համակարգը անհատական լիցենզիայի համակարգին չի՞ հակասում:
Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց՝ իրավական որևէ հակասություն կամ բացթողում չկա: Լիցենզավորման համակարգը լրացնելու է հավաստագրման համակարգին:
«Մենք ի վերջո ունենալու ենք զարգացած, ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագիտական ստանդարտներ: Ի՞նչ է սա նշանակում. լիցենզավորումը լինելու է պարբերական, և պարբերական լիցենզիան ուժի մեջ է մնալու այնքան ժամանակ, մինչև բուժաշխատողը տվյալ շրջափուլի իր ՇՄԶ կրեդիտները հավաքել է, ստացել է հավաստագիրը և որևէ արարք չի արել, որը լիցենզավորման ինստիտուտի կասեցման հիմք է: Եվ այս 2 համակարգերը հենց, իրար փոխլրացնելով, ստեղծելու են մի իրավիճակ, երբ մեր բուժաշխատողները ժամանակի ընթացքում անընդհատ թարմացնելու են իրենց գիտելիքները, նաև հնարավորություն են ունենալու ապացուցելու իրենց էթիկական նորմերի և հմտությունների մասով պատրաստավածությունը»,- ասաց նախարարը, ապա հավելեց. «Այսօր էլ մեր բժիշկները խնդիրներ ունեն՝ հավաստելու իրենց ունակություններն ու գիտելիքները, որովհետև մեր երկրում լիցենզավորման համակարգը չի գործում»: