Մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից այն մշակելու լիազորող նորմերը կլրացվեն: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը՝ ներկայացնելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ:
Ըստ Պետրոս Մարտիրոսյանի՝ առաջարկվում է ՏԻՄ-ին վերապահել հատուկ սահմանված երթուղով և հատուկ հատկացված վայրեր շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը՝ օրենքը համապատասխանեցնելով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առկա կարգավորումներին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից հանել այն դրույթը, որի համաձայն՝ շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (Բնապահպանության և ընդերքի օգտագործման տեսչական մարմինը այս դեպքում) վերապահված է ոչ սահմանված վայրերում շինարարական աղբի տեղադրման մասով վերահսկողության իրականացումը՝ բացառելով վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առկա կրկնորդումները, քանի որ համանման լիազորություն վերապահված է նաև տեղական ինքնակառավարման մարմիններին»,- ասաց նա, ապա պարզաբանեց, որ նախագիծը վերաբերում է արդեն գոյացած աղբի տեղափոխման գործընթացը կարգավորելուն, որովհետև այդ մասով վերահսկողություն էին իրականացնում 2 պետական մարմիններ: Այժմ մեկը մյուսի վրա պարտականությունը դնելու ինստիտուտն է վերացվում, և այսուհետ ՏԻՄ-ն է դրանով զբաղվելու:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հորդորեց այնպիսի կարգավորումներ մշակել, որ համայնքը տնտեսվարողին չխանգարի: Պետք է ճշգրտել նաև տուգանքների չափերը:
Անդրադառնալով տուգանքների չափին՝ Պետրոս Մարտիրոսյանը նշեց, որ խոսքը 150-300 հազար դրամի մասին է, ապա նաև կարծիք հայտնեց, որ շինարարություն իրականացնողի համար այդ գումարը խնդիր ստեղծող գումարի չափ չէ: Օրենքի ընդունումից հետո նա չբացառեց, որ հնարավոր է վարչական իրավախախտումների չափի հետ կապված որոշակի կարգավորոմներ արվեն:
Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը նկատեց, որ տեսչական մարմնի և ՏԻՄ-ի միջև կա գործառութային կրկնօրինակում:
«Դուբլիկացիաներից խուսափելու համար հիմնական պատասխանատվությունը դնում ենք ՏԻՄ-ի ուսերին, որովհետև նշված աշխատանքները կազմակերպելու համար ՏԻՄ-երը, բնականաբար, թե՛ լոգիստիկ, թե՛ լոկալ խնդիրների առումով ավելի լավ են տիրապետում»,- ասաց Արեն Մկրտչյանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ հոդվածը, որը փոխվում է, 4 տարում մի քանի անգամ է կիրառվել: Հիմնականում կիրառվում է այն դեպքում, երբ ավազը թափվում է մեքենայի թափքից, տուգանքի չափը 5000 դրամ է: Պարզվում է՝ այս մասով 5 տարում 20 միլիոն դրամի խախտում է արձանագրվել:
«Մեքենաների շարժի ժամանակ թափվում է այդ ցեմենտբետոնե խառնուրդը, և վնասում է մի քանի տասնյակ միլիոնների ասֆալտը:
«Մի անգամ պետավտոտեսուչը կանգնեցրել էր, մոտեցա, ասաց՝ տուգանում եմ, 5000 դրամ է, բայց տեսե՛ք՝ իր վնասը ինչքան մեծ է»,- պատմեց Սիսակ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ 5 տարում վերոնշյալ մենքենաներն ավելի շատ են այդ ասֆալտը փչացրել, քան տուգանքի ընդհանուր չափն է եղել՝ 20 միլիոն դրամը: