Խորհրդարանը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը հստակեցրեց՝ դա վերաբերում է հեռավար աշխատանքին: Սույն առաջարկի իրացմամբ կապահովվեն հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման առավել ճկուն ընթացակարգեր, քան մինչ լրամշակված տարբերակն է։
«Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է 6 փոփոխություն, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի են, նաև որոշակի պարզաբանող, նաև մեկ ենթակետ է ավելացվել»,- հայտնեց Սարգսյանը՝ նշելով՝ քննարկումների ժամանակ պարզ է դարձել, որ որոշ գործատուների կամ աշխատողների համար հստակ չի եղել սահմանումը՝ հեռավար աշխատանքի ժամանակ պարտականությունները կատարելուց աշխատանքի վայր ներկայանալը կամ այլ երկրից վերադառնալը արդյոք համարվո՞ւմ է գործուղում, թե՝ ոչ:
«Սահմանել, որ դա գործուղման նման հասկացություն կիրառելի չէ»,- ասաց փոխնախարարը՝ մանրամասնելով՝ նախագծով սահմանել են, թե ինչ է «հեռավար աշխատանքը»:
«Դա աշխատողի կողմից աշխատանքի վայր չներկայանալով աշխատանքի կատարումն է: Սահմանվել է, որ գործատու-աշխատող փոխադարձ համաձայնությամբ են հստակեցվում հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև նյութերի, ծախսերի փոխհատուցման կամ տրամադրման: Սահմանվել է նաև աշխատանքը պատճաշ կատարելու և գործատուի համար իր հասանելիության փոխադարձ համաձայնության եղանակով նաև գործատուի վրա չի դրվում պարտավորությունը՝ աշխատողների առողջության և անվտանգության նորմերի պահպանման պահանջների վերաբերյալ: Վստահ ենք, որ այս փոփոխությունը շատ սպասված է գործատուների և աշխատողների կողմից»,- ասաց Սարգսյանը:
Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը տեղեկացրեց՝ Կառավարությունը առաջինից երկրորդ ընթերցում մի շարք փոփոխություններ է ներկայացրել, որոնք կրել են տեխնիկական և բովանդակային բնույթ:
«Բոլորն ընդունելի են եղել գլխադասային հանձնաժողովի անդամների կողմից, խնդրում եմ կողմ քվեարկել»,- ասաց Ստեփանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով առաջարկվում են հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր, որոնցով գործատուները և աշխատողները կունենան ոչ նվազ բարենպաստ պայմաններով աշխատանքի կազմակերպման տարբերակներ՝ պահպանելով աշխատողների համար սահմանված աշխատանքային իրավունքներն ու երաշխիքները, քան ֆիքսված աշխատատեղերում աշխատանքն է: