Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն կստեղծվի: Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստին «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս այդ մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Ըստ նախարարի՝ նախագիծը բխում է ԳՐԵԿՈ-ի՝ 2015 թվականին գնահատման զեկույցում տեղ գտած և 2021 թվականի միջանկյալ զեկույցում վերահաստատված հանձնարարականից, համաձայն որի՝ ՀՀ օրենսդրությամբ դեռևս հնարավոր չէ բողոքարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները, և եզրակացրել է, որ այս մասով իր հանձնարարականը մնում է չկատարված: Նախագծով առաջարկվող լուծումներն այս պահին միակ հնարավոր լուծումներն են՝ հաշվի առնելով սահմանադրական կարգավորումները, ինչի մասին նշել է նաև Վենետիկի հանձնաժողովը իր համապատասխան կարծիքում:
«Կարգավորումով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունն իրականացնելու է ԲԴԽ 4 անդամ ընդգրկող կազմը: ԲԴԽ նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և ԱԺ-ի կողմից ընտրված երկուական թեկնածուի: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է ԲԴԽ խորհուրդը՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկված անդամների կազմով»,- ասաց նախարարը և հավելեց, որ բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ:
Հարցի հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ հարցը միջազգային գործընկերների թեմատիկայի մաս է կազմել: Խոսքը չբողոքարկվող որոշումների առանձնահատկություններին է վերաբերում: Այն է՝ ինչ անել բոլոր այն դեպքերում, երբ կայացվում է որոշում, որը չի կարող բեկանվել:
«Մի քանի տարբերակ կա. բողոքարկել դա ընդհանուր իրավասության դատարաններում, ինչը բովանդակային խնդիր է ստեղծում, որովհետև ստացվում է, որ առաջին ատյանի դատարանը կարողանում է բեկանել որպես դատարան հանդես եկող ԲԴԽ-ի որոշումը: Կարծիքը միջազգային կառույցների և մեր միջազգային գործընկերների մոտ տարբեր է եղել հարցի վերաբերյալ, բայց մենք հետևել ենք Վենետիկի հանձնաժողովի և ԳՐԵԿՈ-ի տված ռեկոմենդացիաներին»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը և տեղեկացրեց, որ ըստ վերջիններիս՝ ԲԴԽ-ի այն որոշումների համար, որոնց դեպքում վերջինս հանդես է գալիս որպես դատարան, անհրաժեշտ է նախատեսել բողոքարկման հնարավորություն:
«Նախագիծը նախատեսում է բողոքարկման հնարավորություն միևնույն պալատում՝ բացառելով որևիցե տեսակի շահերի բախում և որևիցե տեսակի անհամատեղելիության հետ կապված խնդիր, դրա համար նախատեսում է այս մոտեցումը՝ «2+2» առաջին, պայմանական ասենք, «ատյանի» համար»,- ասաց նա: