Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է նախագծերի քննարկմանը:
Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաալիքների և առանձին հաղորդումների վարկանշավորման և հեռուստալսարանի պահանջարկի ու նախընտրությունների ուսումնասիրության համակարգի ներդրման միտումներով:
Առաջարկվում է լիազորել, որ Հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների առնվազն 50 և ավելի տոկոսը կարողանա միանալ և ստեղծել մի խորհուրդ, որը կընտրի հեռուստաընկերությունների չափումներն իրականացնող կազմակերպությանը: Վերջինիս տվյալներն էլ հիմք կհանդիսանան գովազդի բաշխման համար: Այն հեռուստաընկերությունները, որոնք չեն ցանկանա, որ այդ կազմակերպությունն իրենց մասով չափումներ իրականացնի, նրանց մասով տվյալներ չեն հրապարակվի: Ստեղծվելիք կազմակերպությունն իր իրականացրած չափումների վերաբերյալ տվյալները պետք է անվճար և պարտադիր կերպով փոխանցի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնաժողովն ունի որոշակի վերահսկողական գործառույթներ: «Եվս մեկ անգամ ասեմ, որ սա մի կողմից պաշտպանում է հեռուստաընկերություններին, մյուս կողմից՝ գովազդատուներին, որոնք տարիներ շարունակ գումարներ են վճարել իրենց ապրանքանիշերի գովազդի համար»,- ասել է Սիսակ Գաբրիելյանը և հավելել, որ ըստ իրականացված միջազգային աուդիտի` տարիներ շարունակ այդ չափիչ գործընթացը չի արտացոլել իրականությունը, և գովազդատուների գումարները որոշակիորեն անարդարացի են բաշխվել:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե արդյոք այդ նույն չափիչ կազմակերպությո՞ւնն է շարունակելու իրականացնել չափումներ, թե՞ մեկ այլ կազմակերպություն: Եվ որքանո՞վ է արդարացի, որ մեկ կազմակերպության ներկայացրած տվյալներն են ընդունվում: Ինչո՞ւ չպետք է լինեն մի քանի կազմակերպություններ, որպեսզի հնարավոր լինի համեմատել ներկայացված տվյալները: Ի պատասխան` Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ նախագծի ընդունումից հետո հեռուստաընկերությունների ընտրած խորհուրդը կարող է ընտրել 2-3 չափիչ կազմակերպություններ, որոնք կարող են չափումներ իրականացնել. որևէ սահմանափակում չկա: Նրա խոսքով՝ այս պահին է գործում 1 կազմակերպություն, և տարբերությունն այն է, որ այս պահի դրությամբ այդ կազմակերպության նկատմամբ որևէ վերահսկողություն չկա: Որևէ բան հստակ չէ հեռուստաընկերությունների համար, նրանք չգիտեն, թե ինչպես են իրականացվում չափումները: Այդ պատճառով էլ հեռուստաընկերությունները պատվիրել էին միջազգային աուդիտ և պարզել, որ վերոնշյալ կազմակերպության ներկայացրած տվյալներն արդարացի չեն: Պատգամավորը նշել է, որ այս խնդիրների պատճառով էլ նախաձեռնվել է այս նախագիծը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Դրական էր նաև Կառավարության դիրքորոշումը. այն ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը:
Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Նման խնդրանքով նախագծի հեղինակին դիմել են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: