Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որում ներկայացվել է 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը:
Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ:
Քննարկվել է 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որի նպատակը հակակոռուպցիոն բարեփոխումների շարունակականության ապահովումն է և բխում է Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից:
Ներկայացվել են ռազմավարության նպատակները, որոնց թվում են՝ կոռուպցիայի կանխարգելումը և բարեվարքության համակարգի ամրապնդումը, կոռուպցիայի հակազդման իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի կատարելագործումը, հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործումը, գործարար բարեվարքության, իրավունքների պաշտպանության, պետություն-բիզնես վարչարարության դյուրացումը, հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգերի կատարելագործումը:
Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հակակոռուպցիոն հիմնական ուղղությունների վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ:
Ընդգծելով, որ հակակոռուպցիոն ռազմավարությունն արտացոլում է Կառավարության ծրագրում ընդգրկված կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները, Նիկոլ Փաշինյանը կարևորել է կոռուպցիոն խնդիրների հետևողական վերհանումը և լուծումը, կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև հանձնարարել նիստի ընթացքում վեր հանված հարցերի շուրջ անցկացնել աշխատանքային քննարկումներ և առաջարկել լուծումներ: