Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հոկտեմբերի 25-27-ը կայցելի Հայաստան՝ խորացնելու Կանադա-Հայաստան երկկողմ կապերը։ Այդ մասին հայտնում է Կանադայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Երևանում նախարար Ժոլին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ կքննարկի Կանադայի ու Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։
«Նա պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը, ինչը հնարավորություն կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը: Նախարար Ժոլին նաև կքննարկի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր քաղաքացիական անձանց հրատապ կարիքները լուծելու ուղիները: Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ վերահաստատելու Կանադայի հանձնառությունը՝ պայքարելու ժխտողականության կամ ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ:
Հայաստանը Կանադայի կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում, և մենք կշարունակենք աշխատել հայ պաշտոնյաների հետ՝ պաշտպանելու մարդասիրական լիարժեք հասանելիությունն ու ապահովելու մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը տարածաշրջանում»,- նշված է հաղորդագրությունում:
Անցյալ տարի Կանադայի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրն ավելի կզարգացնի հարաբերությունները Հայաստանի հետ՝ դեսպանություն բացելով Երևանում, ինչը կնպաստի Կանադայի և Հայաստանի միջև քաղաքական և առևտրային կապերին:
«Կանադան Հայաստանի հետ հարաբերություններն առաջնային է դարձրել՝ հիմնվելով Ֆրանսիայում և Մոնակոյում դեսպան, Եվրամիությունում և Եվրոպայում հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի պատրաստած զեկույցի վրա՝ Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը Կանադայի աջակցության վերաբերյալ»,- եզրափակել է Կանադայի ԱԳՆ-ն հաղորդագրությունը: