ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով գտնվում է Լուանդայում: Պատվիրակության կազմում են նաև պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Արսեն Թորոսյանը:
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում Հակոբ Արշակյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք:
Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ՝ ի կատարումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության» բանաձևի համար:
ԱԺ փոխխոսնակը նաև երախտագիտություն է հայտնել բելգիացի բժիշկներին՝ սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով այրված քաղաքացիներին ցուցաբերած օգնության, ինչպես նաև մի շարք քաղաքացիների բուժումը Բելգիայում կազմակերպելու համար:
Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզը նշել է, որ բոլոր մարտահրավերների հաղթահարման ճանապարհին Բելգիան կանգնած է Հայաստանի կողքին, և դրա մասին են վկայում Բելգիայի Սենատի կողմից ընդունված երեք հայտարարությունները, ինչպես նաև տարվող աշխատանքները չորրորդ հայտարարության վրա, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը: