Ես մեծապես կողմնակից եմ, որ ԵՄ-ն ընդլայնի իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում ի շահ Հայաստանի, հայ ժողովրդի ապահովության և անվտանգության: Մենք սատարում ենք այս քաղաքականությանը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ուղենշային դրույթ ներկայացրեց, որը նշանակում է Հայաստանի պատրաստակամությունը՝ մերձենալ եվրոպական կառույցներին, որքան դա հնարավոր է, և մենք սատարում ենք Հայաստանի ցանկությանը»,- ասաց Ռոթը՝ նշելով, որ Եվրամիությունը պետք է հնարավորինս արագ զարգացնի, ընդլայնի իր տնտեսական, քաղաքական համագործակցությունը Հայաստանի հետ և հնարավորինս ավելի լայն աջակցություն ցուցաբերի Հայաստանում գտնվող ԼՂ-ից տեղահանված փախստականներին:
«Մենք սատարում ենք նաև այն հստակ ուղերձը, որը վերաբերում է վիզաների ազատականացմանը Հայաստանի հետ հարաբերություններում: Սա կարող է ևս մեկ քայլ լինել Հայաստանի և ԵՄ-ի մերձեցման ճանապարհին»,- նշեց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: