Հետևանքներ եղել են. դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը կորցրել է միջազգային հանրության վստահությունը, որպես վստահելի գործընկեր այլևս չի դիտարկվում միջազգային հանրության կողմից: Այդ մասին ասաց Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը՝ անդրադառնալով «Լուրերի» թղթակցի հարցին՝ ԼՂ հայերի էթնիկ զտումը մնաց անհետևանք, ի՞նչը պետք է զսպի Ադրբեջանին ևս մեկ ագրեսիա չնախաձեռնել այս անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ:
«Ինչ վերաբերում է մեր գործողություններին, մենք պետք է ամեն ինչ անենք, որ գործընթացը տեղի ունենա բանակցային սեղանի շուրջ, և ձեռք բերվի կենսակայուն խաղաղություն, որը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա:
Նա նշեց, որ իր ինքնաքննադատությունը միայն անձնական ուղղվածություն չունի: «Այն ուղղված էր Գերմանիային, գերմանական կառավարությանը, Արևմուտքին ընդհանրական առումով, ԵՄ-ին, որովհետև մենք վերջին ամիսներին մեր հայ ընկերներից մշտապես լսել ենք տագնապահարույց զգուշացումներ, որ կարող են զարգացումները գնալ ռազմական ճանապարհով: Սրանք մտահոգություններ էին հայկական կողմից, որոնք լսելի չդարձան եվրոպական մայրաքաղաքներում: Ես այստեղ եմ՝ կրկին լսելու մեր հայ գործընկերներին»,- ասաց Ռոթը:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով այն հարցին, թե որ պայմանների դեպքում պատժամիջոցները կարող են գործի դրվել, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց.
«Այնպես չէ, որ պատժամիջոցները դրված են սեղանին և պատրաստ են կիրարկվելու: Իմ միտքն այն է, որ ես ամեն ինչ կանեմ, որ դրանք սեղանին հայտնվեն և կիրարկվեն. ամեն դեպքում, մենք թույլ չենք տա ԵՄ-ի էներգետիկ համագործակցության ինտենսիվացում Ադրբեջանի հետ:
Ավտորիտար պետությունները միայն մի լեզու են հասկանում, այդ պատճառով էլ հարկավոր է շեշտել, թե ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ նրանց հնարավոր ռազմական գործողությունները, եթե այդպիսի զարգացումներ տեղի ունենան»:
Նա նաև ընդգծեց, որ ազգային մակարդակում չկան պատժամիջոցների մեխանիզմներ, այսինքն՝ պատժամիջոցները պետք է ընդունվեն ԵՄ-ի ներսում համընդհանուր համաձայնությամբ: «Ներկա պահին ԵՄ-ում այդ համաձայնությունը, ցավոք, չկա: Իմ՝ որպես խորհրդարանականի ներդրումն այս հարցում այն է, որ մենք կարողանանք համոզել ԵՄ-ին իր ամբողջ ուժով, իր ամբողջ պատրաստակամությամբ գործել ընդդեմ Ադրբեջանի հետևյալ սկզբունքով, որ չընդլայնվի էներգետիկ գազային համագործակցությունն Ադրբեջանի հետ: Կան նաև անհատական պատժամիջոցների հնարավորություններ, որոնք կարող են օգտագործվել, բայց նախկին այդ սովորական գործելակերպը չի լինելու»,- ասաց Միխայել Ռոթը: