ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձի կապակցությամբ այսօր կազմակերպվել է միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի հիմնադրման առիթով և շնորհակալություն հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր աշխատակիցներին իրենց կատարած աշխատանքի համար. «Հույս ունեմ, որ մենք իսկապես կարդարացնենք այն լեգիտիմ և օրինական ակնկալիքները, որոնք հանրությունը, ՀՀ քաղաքացիներն ունեն հակակոռուպցիոն համակարգից՝ ընդհանրապես և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մասնավորապես»,- ասել է Կառավարության ղեկավարը:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով կառույցի կազմավորման և կայացման ուղղությամբ կատարված աշխատանքներին և արձանագրված ձեռքբերումներին, անցած երկու տարին բնորոշել է որպես կառույցի կայացման ժամանակաշրջան՝ նշելով, որ նորաստեղծ իրավապահ մարմինն այսօր արդեն ամբողջ ծավալով իրականացնում է իր գործառույթները։ Ըստ Սասուն Խաչատրյանի՝ 2023 թվականի 9 ամիսներին կատարված աշխատանքի ամփոփումն ու կոռուպցիոն հանցագործությունների վիճակագրության վերլուծությունը հիմք են տալիս պնդելու, որ կա շոշափելի առաջընթաց այդ բնույթի հանցագործությունների հայտնաբերման և քննության ոլորտում:
Կոմիտեի նախագահը ներկայացրել է քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները` նշելով, որ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1088 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 606 դեպքի համեմատ, այսինքն՝ աճը կազմել է 482 դեպք կամ 79.5 տոկոս։ Ընդհանուր առմամբ կոմիտեում 9 ամիսների տվյալներով քննվել է 1498 քրեական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 861 վարույթի համեմատ, այսինքն՝ վարույթում եղած գործերը ավելացել են 637-ով կամ 74 տոկոսով:
Ինչ վերաբերում է մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներին, ապա անցած 9 ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել 134 քրեական վարույթ 286 անձի վերաբերյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68 վարույթի համեմատ (166 անձի վերաբերյալ), այսինքն՝ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա 9 ամիսների համեմատ ավելացել է 66-ով կամ 97 տոկոսով, իսկ դատի տրված անձանց թիվը 120-ով կամ 72 տոկոսով. «Իրավական վիճակագրության դասագրքային համարվող կանոնի համաձայն՝ հանցավորության վիճակը գնահատելիս լատենտային բնույթ կրող հանցագործությունների դեպքերի աճը, ինչպիսիք են կոռուպցիոն հանցագործությունները, պետք է դիտարկվի որպես դրական երևույթ, այսինքն՝ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե կոռուպցիոն դեպքերի իրական աճի, ինչպես թյուրիմացաբար կարող է ընկալվել, այլ այս ոլորտում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման հետ»,- ասել է Սասուն Խաչատրյանը: Սակայն կոմիտեի նախագահը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումների նման աճը պայմանավորել է ոչ միայն կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմամբ, այլև երեք հիմնական նախադրյալներով՝ իրավապահ մարմինների գործունեության բարելավմամբ, հանրության կողմից իրավապահ մարմինների նկատմամբ վստահության աճով, ինչպես նաև այն հանգամանքով, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները մարմնի ներսում կամ քաղաքացիների հետ շփումներում առկա կոռուպցիոն երևույթների մասին ավելի հաճախ են բարձրաձայնում:
Անդրադառնալով վերականգնված գումարներին՝ կոմիտեի նախագահը նշել է, որ այս տարվա ընթացքում ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 12.297.149.000 դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 110.713.000 դրամը և կալանք է դրվել 12.342.032.000 դրամի գույքի վրա. «Նշեմ, որ խոսքը վերաբերում է միայն ավարտված գործերով գույքային վնասին և վերականգնմանը, իսկ ներկա փուլում անավարտ վարույթներով վերականգնված գումարը կազմում է 982.297.000 դրամ, այսինքն՝ հաշվետու շրջանում վարույթում եղած գործերով վերականգնված գումարը կազմել է 1.093.011.000 դրամ։ Վերջին վերականգնումն ունեցել ենք հոկտեմբերի 17-ին՝ մեկ քրեական վարույթով վերականգնվել է 280.254.000 դրամ»,- նշել է Սասուն Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում զգալի աշխատանք է կատարել և բավականին լավ ցուցանիշներ է արձանագրել նաև կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումը, ուստի ակնկալվում է, որ օպերատիվ ստորաբաժանման հաստիքների ամբողջական համալրման և անընդհատ իրականացվող ուսուցման, տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման հետ արդյունքները կլինեն ավելի տպավորիչ։
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և ՀՀ Կառավարությանը՝ Սասուն Խաչատրյանը հավաստիացրել է, որ կոմիտեն այսուհետ ևս իր իրավասությունների շրջանակում անելու է հնարավորը՝ օրենքի գերակայությունն ապահովելու, օր առաջ կոռուպցիայից զերծ երկիր ունենալու համար:
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձի կապակցությամբ Կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են մեդալներով, հուշանվերներով և պատվոգրերով: