Այսօրվա դրությամբ առաջին աջակցության ծրագրի շրջանակում 95200 բռնի տեղահանվածներ ստացել են իրենց աջակցությունը, որից 24 հազարը երեխաներ են, 71200-ը՝ մեծահասակներ: Տվյալների մշակումը շարունակվում է, և աշխատանքների վերջնականացման արդյունքում վճարումները կկատարվեն: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
100-հազարական դրամների, ինչպես նաև բնակարանի վարձակալության և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցություններից բացի՝ մինչև տարեվերջ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրամադրվի նաև 50-հազարական դրամի աջակցություն:
«Որոշում է կայացվել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում բոլոր բռնի տեղահանված մեր հայրենակիցները կստանան 50-հազարական դրամ՝ առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով»,- ասաց փոխվարչապետը, ապա մանրամասնեց, որ այս դեպքում որոշակի փոփոխություն է կատարվել աջակցության տրամադրման ձևաչափում:
«Շահառու կհանդիսանան նրանք, ովքեր ունեն բնակարան կամ տուն, սակայն մեկ այլ չափանիշ կգործի, բացառություն կկազմեն մեր այն հայրենակիցները, ում բանկային հաշիվներին կան բավականաչափ խնայողություններ, հետևաբար նաև այն աջակցությունը, որը կատարվում է ամենաառաջնահերթ, հատկապես սննդի ծախսերի փոխհատուցման նպատակով, տրամաբանորեն այդ մարդկանց աջակցելու տեսանկյունից չի ունենա այնքան օգտակարություն, որը վերաբերում է մյուսներին»,- ասաց նա:
Ըստ փոխվարչապետի՝ դրամական աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված կա մեկ առանձնահատկություն ևս. «Այդ հարցը նկատել եմ, հրապարակումը տեղի ունենալուց հետո որոշակի շրջանառություն է ստացել, թե ինչպես է, որ մենք բանկային գաղտնիքի պայմաններում պետք է համադրենք այդ հայրենակիցների բանկային հաշիվների վերաբերյալ առկա տվյալները: Ուզում եմ նախևառաջ պարզաբանել, որ այդտեղ որևէ հակասություն չկա, և օրենքի սահմանում է լինելու ամեն ինչ: Կառավարությունը և համապատասխան մարմիններն այդ անձանց բանկային հաշիվներին որևէ հասանելիություն չունեն և չեն ունենալու:
Մենք կնախատեսենք դիմումների կարգ և կունենանք նախապես գրանցման համակարգ, և երբ որ Կառավարությունը կհայտարարի, թե որ սահմանաչափը գերազանցող բանկային հաշիվների մնացորդ ունեցող մեր հայրենակիցներն են, որ աջակցության շահառու չեն լինի, այդ մարդիկ ուղղակի կտեսնեն և համապատասխան դիմումները չեն ներկայացնի՝ իմանալով, որ իրենք շահառու չեն:
Այնուամենայնիվ, ոչ թե մենք տվյալների հասանելիությունը կտրամադրենք այն կառույցներին, որոնք որ պետք է նույնականացնեն [տվյալները] վճարումները կատարելուց առաջ, այլ ԿԲ-ն իր իրավասության սահմաններում նախապես ստացված բոլոր դիմումների ստուգում կիրականացնի և կտրամադրի բոլոր այն քարտային հաշվեհամարները, որոնք շահառու են լինելու տվյալ միջոցառման շրջանակում»: