Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն 100 տոկոսով վստահ է, որ հանրապետությունը տարեվերջին կստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Քաղաքական գործիչը հավելել է, որ իշխանությունները կատարել են Եվրամիության բոլոր հանձնարարականները, և պատճառ չկա, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ չստանա։
2022 թվականի հունիսին ԵՄ առաջնորդները թեկնածուի կարգավիճակ շնորհեցին Մոլդովային և Ուկրաինային։ Նրանք ճանաչեցին Վրաստանի եվրոպական հեռանկարները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին հանրապետությանը թեկնածուի կարգավիճակ շնորհել 12 պայմանները կատարելուց հետո։ Մինչ օրս Վրաստանը, մասնավորապես, իրականացրել է ընտրական բարեփոխումներ, ստեղծել հակակոռուպցիոն բյուրո, նոր համակարգով ընտրել օմբուդսմեն, փոխել գենդերային խտրականության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի օրենքները և նշանակել Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամներ։ Թբիլիսին ակնկալում է, որ 2023 թվականի վերջին ԵՄ-ն Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշում կկայացնի։