ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:40-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա Ս.Վ.-ն: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 40 հասցեի մոտ անհայտ անձը հրազենով կրակել և մարմնական վնասվածք է պատճառել վերջինիս:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդված 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Նազարբեկյան 40 հասցեում՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ Աջափնյակ նստավայրի ավտոկայանատեղիում, հայտնաբերվել են արնանման հետքեր, չորս հատ 9 մմ տրամաչափի հրազենից կրակված պարկուճներ և մեկ հատ գնդակ:
Առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, ինչպես նաև՝ վիրահատական միջամտության արդյունքում վերջինիս աջ արմնկահոդից դուրս բերված գնդակը։
Համաձայն «Արմենիա» ՀԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ տուժողին պատճառվել է կրծքավանդակի աջ կեսի թափանցող հրազենային վիրավորում՝ մուտքի և ելքի անցքերով, ինչպես նաև՝ աջ արմնկային շրջանի հրազենային վիրավորում:
2023 թ. հոկտեմբերի 19-ին մեկ անձ՝ Երևան քաղաքի 40-ամյա բնակիչ Ռ.Փ.-ն, ինքնակամ ներկայացել է Ոստիկանության Շենգավիթի բաժին, հայտնել, որ ինքն է ցանկացել սպանել Ս.Վ.-ին՝ ներկայացնելով հանցագործության գործիք ատրճանակը՝ իր պահունակով:
2023 թվականի հոկտեմբերի 19-ին Ռ.Փ.-ն, սպանության փորձ կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Վարույթով նշանակվել է դատահետքաբանական, դատաքիմիական, դատաբժշկական և դատաձգաբանական համալիր փորձաքննություն:
2023 թվականի հոկտեմբերի 19-ին միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Ռ.Փ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-154-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Ռ.Փ.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա 2023 թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, քննությամբ դեռևս չպարզված շարժառիթներով նպատակադրվելով ապօրինաբար կյանքից զրկել Ս.Վ.-ին, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ձևափոխված Байкал-442 մոդելի ակոսափող հրազեն և դրանից կրակելու համար նախատեսված 8 փամփուշտ։
Տեղյակ լինելով Ս.Վ.-ի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում քննվող քրեական գործով նշված օրը կայանալիք դատական նիստի մասին՝ նա գնացել և դարանակալել է դատարանի վարչական շենքի մոտակայքում։ Այն բանից հետո, երբ ժամը 14:50-ի սահմաններում, Ս. Վ.-ն քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված անձի հետ գնացել է հիշյալ դատարանի նստավայրի ավտոկայանատեղի, Ռ.Փ.-ն մոտեցել է վերջինիս և ապօրինի ձեռք բերված ու ապօրինի կերպով կրած նշված հրազենով չորս կրակոց է արձակել Ս.Վ.-ի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։ Սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Ս.Վ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է բուժօգնություն, և հնարավոր է դարձել փրկել նրա կյանքը:
Պարզվել է նաև, որ կրակոցների արդյունքում վնասվել է հիշյալ դատարանի ավտոկայանատեղիում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան:
2023 թվականի հոկտեմբերի 21-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը դատարանի որոշմամբ բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: