«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ ազգային օպերատորն ապահովում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծելիության կիրառման համար տեղեկատվական համակարգի աշխատանքը` մշտական հիմունքներով` շաբաթական 7 օր և օրվա ընթացքում 24 ժամ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ազգային օպերատորը կրում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն, ինչը նախատեսվում է սահմանել ««Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 23-ի նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվող նախագծով առաջարկվում է սահմանել պատասխանատվության միջոցներ` կախված խախտման կատարման պարբերականությունից, մաքսային վճարներից և մաքսային մարմինների կողմից գանձվող այլ վճարների պարտավորության առաջացման, ինչպես նաև արգելքների և սահմանափակումների չպահպանվածության հանգամանքներից: Նախատեսված պարտավորությունները մեկ ամսվա ընթացքում երկու անգամից ավելի չկատարելու դեպքում ազգային օպերատորի գործունեությունը կարող է նաև դադարեցվել:
«Մասնավորապես, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ տեղորոշման կապարակնիքների կիրառմամբ հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի կողմից նշված համաձայնագրով սահմանված` իր կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անխափան աշխատանքի ապահովման պարտականությունը չկատարելու դեպքում առաջին անգամ առաջացնում է տուգանք երեսուն հազար դրամի չափով: Սահմանված խախտումը մեկ ամսվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանք հիսուն հազար դրամի չափով»,- ասել է հիմնական զեկուցողը` մանրամասն ներկայացնելով նախագծով սահմանված տուգանքների չափերը: Աշոտ Մուրադյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախատեսվում է առաջարկել եւս երկու լրացուցիչ փոփոխություն:
Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե ազգային օպերատորի կողմից թույլ տված խախտումներն ինչ հետևանքներ կարող են առաջացնել, և նախկինում եղել են արդյոք նման նախադեպեր: «Նախադեպ դեռևս չի եղել, որովհետև էլեկտրոնային համակարգը ներդրված չէ և չի աշխատում: Մեր օպերատորը նոր է ընտրվել, և մշակվում է էլեկտրոնային համակարգ, որպեսզի համագործակցի մյուս երկրների համապատասխան օպերատորների հետ»,- պատասխանել է Աշոտ Մուրադյանը:
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչ սկզբունքով է ընտրվել օպերատորը և այս ժամանակահատվածում պետական բյուջեից որքան գումար է հատկացվել օպերատորի աշխատանքների համար: «Պետբյուջեից ֆինանսավորում օպերատորին ընդհանրապես նախատեսված չէ: Օպերատորի ծառայությունների համար վճարելու են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները: Օպերատորն ընտրվել է ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հայտարարված բաց մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը:
Վաղարշակ Հակոբյանը կարևորել է նախաձեռնությունը` հույս հայտնելով, որ նախագծի ընդունմամբ կդյուրացվի տնտեսավարողների գործունեությունը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: