Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Քննարկվել են մի շարք հարցեր, որոնց շուրջ ձեռք էին բերվել պայմանավորվածություններ Վահան Քերոբյանի՝ այս տարվա հունիս ամսին Պեկին կատարած այցի ընթացքում։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկայի և այլ ոլորտներում չինական ընկերությունների ներգրավվածության հնարավորության շուրջ։
Առանձին անդրադարձ է կատարվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB) Հայաստանի անդամակցության հնարավորությանը և այդ շրջանակում երկկողմ համագործակցության հեռանկարներին»,- նշված է գրառման մեջ։