Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է արգենտինական Solidaire հիմնադրամի հիմնադիր տնօրեն, օդաչու և պրոդյուսեր Էնրիկե Պինեյրոյի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, Էնրիկե Պինեյրոն Հայաստան է ժամանել սեփական «Բոինգ 787» օդանավով՝ բերելով Արգենտինայի կառավարության և հայ համայնքի կողմից Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար նախատեսված հումանիտար օգնությունը:
Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել արգենտինացի բարերարին իր նախաձեռնության համար և նշել, որ նման ձեռնարկներն արժանի են ամենաբարձր գնահատանքի:
«Վստահ եմ, որ Ձեր արարքը Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների բարեկամության հերթական դրսևորումներից է և արժանվույնս կգնահատվի մեր հայրենակիցների կողմից»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:
Էնրիկե Պինեյրոն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար շեշտել է, որ իր հիմնադրած Solidaire հիմնադրամի գործունեության առաքելությունը բարեգործությունն ու հումանիտար աջակցությունն է դրա կարիքն ունեցող մարդկանց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտինական բարեկամության և լավագույն ավանդույթներ ունեցող համագործակցության վերաբերյալ հարցեր:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար խնդիրներին:
Երկուստեք շեշտվել է, որ մարդասիրական առաքելությունները և նախաձեռնությունները չեն ճանաչում սահմաններ և ազգային պատկանելություն: