Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության ուժի մեջ մտնելու հնգամյակի առթիվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կազմակերպված աշխատաժողովին։ Այդ մասին հայտնում են ՍԴ-ից:
«Դատական երկխոսություն՝ 16-րդ արձանագրությամբ նախատեսված խորհրդատվական կարծիքի մեխանիզմի միջոցով» խորագիրը կրող միջազգային աշխատաժողովը համախմբել է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների ազգային Բարձր դատարանների նախագահներին և մշտական ներկայացուցիչներին:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել է 16-րդ արձանագրության դերը Սահմանադրությունների և Բարձր դատարանների զարգացման գործում, ինչպես նաև՝ խորհրդատվական կարծիքի մեխանիզմի կիրառումը ազգային դատարանի և Ստրասբուրգի դատարանի տեսանկյունից։ Նիստի մասնակիցները կիսվել են մեխանիզմի կիրառման իրենց փորձով:
Կոնվենցիայի 16-րդ արձանագրությամբ առաջարկվող խորհրդատվական կարծիքը գործիք է, որի միջոցով ներպետական դատարանները հաղորդակցվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ։
Ծանոթագրություն. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 16-րդ արձանագրությամբ ներդրված՝ խորհրդատվական կարծիքի մեխանիզմը չի պարտադրում կողմերին ենթարկվել խորհրդատվական կարծիքում նշված առաջարկություններին և չի ստեղծում հնարավոր վտանգ ներպետական օրենսդրությունների համար։
Կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը վավերացրել է 22 պետություն»,- նշված է հաղորդագրության մեջ։