Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող 85 մանկապարտեզում գործում են երկարօրյա խմբեր. դա գործող մանկապարտեզների շուրջ 60 տոկոսն է: Երկարօրյա խմբերը համալրելու անհրաժեշտություն կա: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, ապա մանրամասնեց, որ մանկապարտեզ է հաճախում 26 500 երեխա, որից 4 տոկոսն օգտվում է երկարօրյա ծառայությունից:
«Ընդհանուր առմամբ հաճախում է շուրջ 1000 երեխա, խմբերի միջին խտությունը 12 է, ուստի, օգտվելով առիթից, ուզում եմ մեր մանկապարտեզների սաների ծնողներին տեղեկացնել, որ կարող են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ծանոթանալ, թե որ մանկապարտեզներում են գործում երկարօրյա խմբեր, և գրեթե բոլոր խմբերում համալրելու հնարավորություն կա:
Մյուս պարտեզներում, որտեղ չեն գործում (երկարօրյա ծառայությունը – խմբ.), դիմումների առկայության պարագայում յուրաքանչյուր ամիս այն վերսկսելու հնարավորություն ունենք»,- ասաց նա:
Անդրադառնալով թեմային՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ սա կարևոր ծառայություն է, որ Երևանի քաղաքապետարանը պետք է կազմակերպի:
«Մեզ համար առաջնահերթ են այն ծնողները, որոնք աշխատում են, և այն մարդիկ, որոնք աշխատում են, պետք է ունենան հնարավորություն երեխային երկարօրյա թողնել մանկապարտեզներում, և եկեք այնպես անենք, որ 1 տարի հետո հնարավորինս գրեթե բոլոր մանկապարտեզներում այս հնարավորությունը ստեղծենք»,- ասաց Ավինյանը՝ հույս հայտնելով, որ աշխատանքն այնպես կկազմակերպվի, որ հաջորդ տարի բոլոր մանկապարտեզներում այս ծառայությունը կներդրվի: