ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23.00-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր, արտաքին արնահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 22.30-ի սահմաներում Արտաշատ քաղաքի Աթարբեկյան փողոցի շենքերից մեկի բակում բարձր խոսելու շուրջ վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն ու 26-ամյա և 23-ամյա երկու երիտասարդներ, որի ընթացքում էլ 26-ամյա երիտասարդը դանակահարել էր 20-ամյա երիտասարդին:
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 00.15-ին, 26-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել կատարվածի մասին:
Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: