2023 թվականի հոկտեմբերի 20-21-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում տեղի ունեցած՝ «Լիբերալների և դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի» կուսակցության խորհրդում բանաձև է ընդունվել «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով։ Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Նշվում է, որ.
▪️ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակական հումանիտար ճգնաժամ է առաջացրել Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի համար։
▪️ Ադրբեջանի վերջին չհրահրված հարձակումները հանգեցրել են քաղաքացիական բնակչության մահվան և մոտ 120 000 հայի էթնիկ զտման:
▪️ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներից և միջնորդական անհաջող ջանքերից հետո աճող լարվածությունը սպառնում է Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժմամբ:
Համոզմունք կա, որ.
▪️ Հայաստանը կիսում է ամուր մշակութային և կրոնական կապերը Եվրոպայի հետ և ձգտում է ավելի սերտ համագործակցության Եվրոպայի և արևմտյան հանրության հետ:
▪️ Ադրբեջանն իր նավթային և գազային դիվանագիտության միջոցով ազդեցություն է գործում արևմտյան և եվրոպական երկրների վրա։
▪️Միջազգային հանրությունը չկարողացավ կանխել հայերի էթնիկ զտումները։
Կոչ է արվում.
▪️ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնության ավելացման՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու համար։
▪️ Հայերի անվտանգ վերադարձի Լեռնային Ղարաբաղ և բանտարկյալների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների ազատ արձակման։
▪️ Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայման, որը կերաշխավորի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։
▪️ Նպատակաուղղված պատժամիջոցների կիրառման՝ Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, ինչպես նաև ռազմական հանցագործությունների հետաքննության համար:
▪️ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության և էթնիկ զտումների արգելման։
▪️ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման արգելման։
▪️ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող՝ Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնատար անձանց սադրիչ հայտարարությունների դատապարտման, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։
▪️ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի, ներառյալ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։
▪️ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի հետ ԵՄ քաղաքական և դիվանագիտական համագործակցության ակտիվացման և ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհի բացմանը, տարածաշրջանում նրա անվտանգության և խաղաղության ապահովման:
▪️ Նավթի և գազի մատակարարումների դիվերսիֆիկացում՝ Ադրբեջանից Արևմուտքի կախվածությունը նվազեցնելու համար»,- նշել է Մարուքյանը։