Կահիրեում մեկնարկել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության թեմայով գագաթնաժողովը, որին մասնակցում են տասնյակ պետությունների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին, բացելով գագաթնաժողովը, դատապարտել է խաղաղ բնակիչների վրա հարձակումները և կոչ արել միջազգային հանրությանը պաշտպանել պաղեստինցիներին։ «Հուսով եմ՝ կկարողանանք համաձայնության գալ ճանապարհային քարտեզի շուրջ, որի նպատակն է վերջ տալ Գազայում հումանիտար աղետին: Հարկավոր է ապահովել մարդասիրական մատակարարումների շարունակականությունը, դրան պետք է հաջորդեն հրադադարի վերաբերյալ բանակցությունները, որոնք կօգնեն լուծել երկու կողմերի միջև առկա խնդիրները և ստեղծել պաղեստինյան անկախ պետություն»,- ասել է Եգիպտոսի նախագահը:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն էլ հայտարարել է, որ պաղեստինցիները չեն հեռանա, այլ կմնան իրենց հողում: «Նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնացեք Երուսաղեմից կամ Արևմտյան ափից մեզ դուրս մղելու փորձերից»,- ընդգծել է նա՝ ՄԱԿ-ին հորդորելով պաշտպանել Պաղեստինի ժողովրդին: