Մի խումբ արցախցիների հետ հանդիպումից հետո ԼՂ հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ պարզաբանումներ են տվել հարցերին, որոնց մեծ մասը սոցիալական բնույթի են եղել՝ տեղավորման, աշխատանքի ու աշխատավարձի հետ կապված:
Շահրամանյանը նշել է, որ փորձելու են այդ հարցերին լուծում տալ, ներկայացուցչության տարածքում երկու սենյակ կտրամադրեն կամավորների, որ գույքագրեն արցախցիների խնդիրները: Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, Սամվել Շահրամանյանը ներողություն է խնդրել, որ կան հարցեր, որոնց պատասխանները չի կարող բարձրաձայնել, արցախցիներին հորդորել է լինել սթափ, միասնական և չտրվել սադրանքների: Չնայած դրան՝ հայտարարությունից հետո քաշքշուկ և ծեծկռտուք է սկսվել:
Հիշեցնենք՝ լարված իրավիճակ էր Հայաստանում ԼՂ ներկայացուցչության առաջ: ԼՂ-ից մեր հայրենակիցների մի խումբ պահանջել է ԼՂ հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանից չեղյալ համարել ստորագրած փաստաթուղթը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 2024 թ. հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալ: Ղարաբաղցիները պահանջել են ԼՂ խորհրդարանի նիստ գումարել ու առոչինչ ճանաչել հրամանագիրը, քանի որ այն ընդունվել է ադրբեջանական անմիջական սպառնալիքի ներքո: Հանրային կարճ հայտարարությունից հետո Շահրամանյանը հավաքվածներից երկու-երեք տասնյակին հրավիրել էր ներս՝ բարձրացված հարցի շուրջ առանց տեսախցիկների զրուցելու համար: