ՀԱՄԱՍ-ի բոլոր զինյալները, որոնք մտել են Իսրայելի տարածք, ոչնչացվել են։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին։
Դեսպանի խոսքով՝ Իսրայելն արդեն որոշել է ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում, սակայն նա չի հայտնել գործողության ճշգրիտ ժամկետները։
Ավելի վաղ ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում Իսրայելի դեսպան Հայիմ Ռեգևը հայտարարել էր, որ Իսրայելն ավարտին է հասցնելու Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ամբողջական ոչնչացումը:
Դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին նաև նշել է, որ իսրայելական կողմը Պաղեստինի հարցով բանակցությունների համար դեռևս օրակարգ չի տեսնում, այդ թվում՝ միջնորդների և երաշխավորների մասնակցությամբ:
«Նախ պետք է որոշել՝ թե ո՛ւմ և ինչի՛ մասին ենք խոսելու, հետո կմտածենք, թե ինչպես»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավոր երկրների համակարգ ստեղծելու՝ Թուրքիայի նախաձեռնությանը։