ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ավարտվել է մի շարք անձանց կողմից զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ տրամադրելու դիմաց կաշառք տալու փորձի, կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
«Մասնավորապես կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի շարք անձինք իրենց որդիներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ կեղծ փաստաթղթերի հիման վրա տարկետումներ ստանալու համար ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության նախկին աշխատակից Կ. Ք.-ի և «Ֆերդիկ» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Հ.-ի միջոցով 400 ԱՄՆ դոլարից մինչև 14.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք են տվել «Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲ ընկերության բժիշկ-ֆտիզիատոր Ա. Ա.-ին, «Լ.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ԲԿ-ի նախկին բժիշկ Ա. Ս.-ին, «Էրեբունի» ԲԿ-ի նախկին սրտաբան Պ. Ս.-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի նախկին վարիչ Լ. Ք.-ին:
Վերջինս զբաղեցնելով նաև սիրտ-անոթային հիվանդություններով բժշկական հաստատություն ուղեգրված զորակոչիկների բժշկական հետազոտություն և փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի նախագահի պաշտոնը, այսինքն հանդիսանալով պաշտոնատար անձ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի զորակոչիկների բժշկական հետազոտություն և փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից երկու զորակոչիկի վերաբերյալ զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող առողջական վիճակի հետազոտման ակտեր տրամադրելու համար ստացել է ընդհանուրը 1600 ԱՄն դոլարի կաշառք, իսկ վերը նշված մյուս ԲԿ աշխատակիցները հավաստիացրել են կաշառք տվողներին, թե իբր կարող են համապատասխան բժշկական ոլորտի լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց միջոցով ապահովել զինվորական ծառայությունից ազատման իրավունք վերապահող ախտորոշումներով առողջական վիճակի հետազոտման ակտերի տրամադրումը, սակայն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելուն ուղղված որևէ գործողություն չեն կատարել խաբեությամբ հափշտակելով խոշոր չափերով գումարներ:
Կատարված նախաքննությամբ խոշոր չափերով կաշառք տված և ստացած, ինչպես նաև նույն չափերով խարդախություն կատարած շուրջ 20 անձանց նկատմամբ, ոչ արդարացնող հիմքերով, որոշումներ են կայացվել հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու և հարուցված հանրային քրեական հետապնդումները դադարեցնելու մասին:
Նախաքննության ընթացքում Ղ. Վ.-ի, Թ. Թ.-ի և Ա. Ա.-ի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին/, Ա. Ա.-ի նկատմամբ 6 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, Կ. Հ.-ի նկատմամբ 3 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին/:
Վերջիններիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու համար»,- այս մասին ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: