Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող Շամպայն գինիների գործարանում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շամպայն գինիների գործարանի տարածքում գտնվող պահեստային հատվածում (300 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16:02-ին։ Պահեստի 170 քմ հատվածում այրվել են պլաստմասսայե տարաներ, արևային վահանակներ, մարտկոցներ և երկու էլեկտրական վահանակ (90 քմ): Տուժածներ չկան: