Սոցցանցում ՀՀ վարչապետի ձայնի նմանակմամբ և պատկերի օգտագործմամբ իբրև թե 100 հազար դրամ վաստակելու հայտարարության տեսանյութի հրապարակման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հաղորդում է ստացվել այն մասին, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, հավանաբար արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ, հրապարակվել և տարածվել է տեսանյութ, որում ՀՀ վարչապետը, իբրև թե, հայտնում է, որ Մարկ Ցուկերբերգի հետ համատեղ մշակված նախագծով «Լիբռա» անունով կայքին միանալու դեպքում հնարավոր է օրական 100 000 ՀՀ դրամ վաստակել։
«Նման եղանակով փորձ է արվում ՀՀ քաղաքացիներին, վստահությունը չարաշահելով ու խաբեությամբ, ներգրավել անհայտ ծագում ունեցող ծրագրերում և նրանցից գումարներ հափշտակել։
Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: