Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու անդամի մի շարք թեկնածուների գրանցումները՝ վերջիններիս ինքնաբացարկի դիմումների հիմա վրա։ Այսպիսով, 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ՝ Անդրանիկ Գագիկի Գասպարյանի,Արտակ Գրիգորի Հովակիմյանի, Սամվել Էդուարդի Ղուկասյանի,Վահե Մանվելի Հակոբյանի, Միքայել Ռաֆայելի Օհանյանի, Արմեն Պետրոսի Մհերյանի, Լուսինե Վիկտորի Դայանի, Ռազմիկ Սամվելի Մկրտչյանի, Ռոման Վարազդատի Համբարձումյանի գրանցումներն ուժը կորցրած են ճանաչվել։ Ինքնաբացարկի դիմումներն օրենքով սահմանված կարգով վավերացված են եղել նոտարական կարգով, հետևաբար վերոնշյալ անձինք նիստին չեն ներկայացել (բացառությամբ Ռոման Համբարձումյանի, որը ներկայացել է նիստին)։
ԿԸՀ-ն Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու հինգ արձանագրություն։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Կամսար Բաբինյանը, Հակոբ Բալայանը, Արամ Ազատյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արման Գագիկի Բարխուդարյանին, Հեղինե Մկրտիչի Ոսկանյանին, Զինա Վարդանի Չալիկյանին։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Ադրինե Ավագյանը և Դուստրիկ Մխիթարյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել։ Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ՝ Արմեն Մանվելի Քոչարյանին, Գրիգոր Գագիկի Իսկանդարյանին։
Թիվ 1, 2, 3, 4, 6, 7, 8, 10 ԸԸՀ-ներն առաջարկել են Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խախտումներ արձանագրած ՏԸՀ անդամներին զրկել լիցենզիայից։ ԿԸՀ-ն բավարարել է դիմումների մի մասը՝ լիցենզիայից զրկելով 14 անձի։