Հոկտեմբերի 17-ից մենք դադարեցրինք տեղերից, այսինքն՝ հանրապետության տարածքում գործող 64 հումանիտար կենտրոններից անձանց տվյալների ուղիղ մուտքագրումը կենտրոնացված հաշվառած շտեմարան, որովհետև, ըստ էության, բռնի տեղահանված անձանց ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հաշվառվել է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Մենք ունենք հաշվառված և նույնականացված 101.848 ԼՂ-ից բռնի տեղահանված անձի տվյալներ, որոնցից 48964-ը՝ արական սեռի, 52884-ը՝ իգական սեռի:
Մնացած բոլոր դեպքերում բռնի տեղահանված անձինք դեռևս կարող են մոտենալ տեղական ինքնակառավարման մարմիններ, թաղապետարաններ՝ Երևանի պարագայում, համայնքապետարաններ՝ մարզերի պարագայում, և ներկայացնել իրենց տվյալները: Այդ տվյալները թղթային տարբերակով կֆիքսվեն, այնուհետև կփոխանցվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որտեղ լրացուցիչ ուսումնասիրությունների, այլ տվյալների շտեմարանների հետ համադրման և ճշգրտման արդյունքում նոր տվյալները կմուտքագրվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ տվյալների շտեմարան:
Մենք սահմանել էինք վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ը, ըստ այդմ՝ կոչ կանենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ հանրապետության տարածքում որտեղ էլ լինեն, աշխատեն մինչև հոկտեմբերի 25-ը վերջնականորեն հաշվառվել, եթե ինչ-ինչ պատճառներով դեռևս չեն հաշվառվել: Մենք գիտենք, որ նման անձանց թիվը բավականին քիչ է»,- ասաց նա:
Արմեն Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ հաշվառվածների թվում 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների՝ ավագ սերնդի ներկայացուցիչների թիվը 12404 է, իսկ մինչև 19 տարեկանների թիվը՝ մինչև 30 հազար: