Ավարտվել է Մուշեղ Շուշանյանի կողմից հաղորդակցության առցանց հարթակների օգտագործմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու, բռնություններն արդարացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ապա՝ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել էր, որ 2023 թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղված համապատասխան տեսանյութում, ինչպես նաև 2023 թ․ սեպտեմբերի 22-ին «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված ֆեյսբուքյան էջում կատարված հրապարակային մի քանի գրառման միջոցով, հանրային տեսանելիության պայմաններում, Մ․Շուշանյանի կողմից կատարվել են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութեր տարածելու գործողություններ։
Քրեական օրենքով արգելված նշված հանցավոր արարքները կատարելու համար Մ.Շուշանյանին նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Սեպտեմբերի 28-ին նա ձերբակալվել էր՝ դատարան ներկայացվելու նպատակով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: