Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության իրավաբան և իրավունքի գերակայության փորձագետ Մելիսա Հուփերի պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրները, որոնք արձանագրվել են առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում և ժամանակավոր կացարաններում իր և ՄԻՊ աշխատակազմի կողմից շարունակական իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում:
Պաշտպանը հատուկ անդրադարձել է ԼՂ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների քաղաքականությանը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերին:
Անահիտ Մանասյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրներին և մարդու հիմնարար իրավունքների խախտումներին։ Այս համատեքստում կարևորվել են Պաշտպանի կողմից ներկայացվող զեկույցները, որոնց միջոցով մշտադիտարկումների արդյունքները փաստաթղթավորվում են։
Հանդիպման շրջանակում Պաշտպանն անդրադարձել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակին՝ արձանագրելով, որ մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից խիստ մտահոգիչ է ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև Պաշտպանի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով ատելության խոսքի բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքների ու ծրագրերի կարևորությունը։ Քննարկվել են նաև լրատվամիջոցների կողմից կարծիքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորման, լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր։
Ի թիվս այլ հարցերի քննարկվել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը: