Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Փհենյանում հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ:
«ԿԺԴՀ-ն մեր երկրի հարևանն ու գործընկերն է։ Երկկողմ հարաբերությունների զարգացումը համապատասխանում է մեր պետությունների շահերին, նպաստում Հյուսիսարևելյան Ասիայում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,- նշել է Լավրովը: Նա հավելել է, որ ինչպես ԿԺԴՀ-ում, այնպես էլ Ռուսաստանում լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ռազմական ակտիվության աճը, ինչպես նաև Վաշինգտոնի վարած քաղաքականությունը:
Լավրովը կողմ է արտահայտվել Կորեական թերակղզում անվտանգության խնդիրների շուրջ կանոնավոր բանակցային գործընթացին: Անդրադառնալով Գազայի հատվածում իրավիճակին՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ մեծ ռիսկ կա, որ հակամարտությունը կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը: Նրա խոսքով՝ փորձ է արվում ամեն ինչ բարդել Իրանի վրա:
Լավրովը հանդիպել է նաև Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարար Չոյ Սոն Հիի հետ, նշել, որ երկու երկրների հարաբերությունները հասել են նոր, ռազմավարական մակարդակի: Կորեացի դիվանագետն իր հերթին նշել է, որ երկու երկրների արտգործնախարարների հաճախակի հանդիպումները վկայում են, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում:
ՌԴ ԱԳ նախարարը հոկտեմբերի 18-19-ը Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության հրավերով պաշտոնական այցով մեկնել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն:
Սեպտեմբերի կեսերին պաշտոնական այցով Ռուսաստան էր այցելել Կիմ Չեն Ընը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրա հետ հանդիպել էր Հեռավոր Արևելքում: