Կառավարությունը բավարարել է «Ռոզգոլդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝ 13 826 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել բարձր բերքատվություն ապահովող տարբեր տեսակի վարդեր։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։ Ջերմոցները կառուցվելու են Կոտայքի մարզում։ Ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 918 մլն դրամի ներդրում ներմուծվող սարքավորումների ձեռքբերման և 480 մլն դրամի ներդրում հողային, մոնտաժային և այլ աշխատանքների իրականացման համար։
Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ՝ 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 918 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 45.9 մլն դրամ:
«Ֆլովերֆիլդ» ՍՊԸ-ն նույնպես կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր՝ 12 500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ջերմոցներում նախատեսվում է աճեցնել բարձր բերքատվություն ապահովող տարբեր տեսակի վարդեր։ Արտադրանքի 90 տոկոսը նախատեսվում է արտահանել ՌԴ, իսկ մնացած մասը իրացնել ՀՀ տարածքում։ Ջերմոցները կառուցվելու են Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 882 մլն դրամի ներդրում ներմուծվող սարքավորումների ձեռքբերման և 430 մլն դրամի ներդրում հողային, մոնտաժային և այլ աշխատանքների իրականացման համար։ Նախատեսվում է ստեղծել 27 նոր աշխատատեղ՝ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 882 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 44 մլն դրամ: