Կառավարության որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերին հատկացված միջոցների միջև կատարել վերաբաշխում 15,144.1 հազար դրամի չափով՝ այն ուղղելով ՀՀ-ում մի շարք հուշարձանների վերականգնման և նախագծման աշխատանքներին:
Մասնավորապես՝ նախատեսվում է Բաղրամյան համայնքի Բագարան բնակավայրի Շուշանավանքի նորոգման, ամրակայման և վերականգնման, Գավառ համայնքի «Բերդկունք» ամրոցի և կից կառույցների ամրակայման, վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման, Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի Օրբելյանների քարավանատան (Սելիմի) նորոգման, ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերում, ինչպես նաև Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու գավիթին զանգակատան կառուցում:
Ներկայումս պետական բյուջեի միջոցներով իրականացվում է եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Եկեղեցին և դրան հարակից 17-18-րդ դարերի գավիթը չունի խաչ և զանգ, որոնց տեղադրման համար տարիներ շարունակ բնակիչների և համայնքի կողմից խնդրանք-դիմումներ են ներկայացվել ԿԳՄՍ նախարարություն:
Նպատակահարմարությունից ելնելով՝ անհրաժեշտ է զանգակատան կառուցման աշխատանքներն իրականացնել ընթացող վերականգնման աշխատանքներին զուգահեռ: