Եթե հանրային ծառայողին կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձին պետական կամ պաշտոնական, աշխատանքային այցերի, միջոցառումների, գործուղումների շրջանակում տրվող նվերները կամ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները իրենց արժողությամբ գերազանցում են 60 հազար դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով դրանք հանձնել պետությանը կամ համայնքին:
Թեմային առնչվող նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 19-ի նիստին ներկայացնելիս արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ ներկայիս օրենսդրությունը չի կարգավորում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա տնօրինման հետ կապված հարաբերությունները, ինչը լուրջ բաց է, քանի որ թե՛ հանրությանը, թե՛ նվեր ստացած հանրային ծառայողին հնարավորություն չի տալիս հասկանալ՝ պետությունը ինչ է անելու արարողակարգային նվերների կամ ոչ թույլատրելի նվերների հետ:
«Ներկայացվող նախագծով կարգավորում ենք այս բոլոր հարցերը ու նպատակ ունենք ապահովել, որ հստակ սահմանվեն՝ պաշտոնյայի կողմից ցանկացած նվեր ստանալուց հետո այդ նվերի հետագա ճակատագիրը որոշելու ողջ պրոցեսը, նշված գույքը տնօրինելու մարմինները և նրանց լիազորությունները: Այսպիսով, նախագծի հիման վրա պաշտոնական այցերի, գործուղումների շրջանակներում տրվող կամ արարողակարգային նվերները 60 հազար դրամը գերազանցելու դեպքում հնարավորություն է ստեղծվում հանձնել թանգարաններին, ազգային գրադարանին, ուղղակի նվիրաբերել այն բարեգործական նպատակներով, թողել նվեր ստացած պաշտոնական անձի կամ պետական անձի ժամանակավոր օգտագործմանը մինչև պաշտոնավարման ավարտը:
Եթե գործ ունենք պետությանը սեփականությունը դարձող ոչ թույլատրելի նվերի հետ, որը հնարավոր չի եղել նվիրողին վերադարձնել կամ հատուցում վճարել, ապա այս նվերներն իրացվելու են հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերվելու են օրենքով սահմանված կարգով: Պետության սեփականությունը դարձող նվերները տնօրինելու է պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետների, նախարարների կողմից ստացված նվերների հետ կապված եզրակացություն է տալու մասնագիտացված պետական մարմինը՝ Պետական արարողակարգային ծառայությունը»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ վերոնշյալ կարգավորումներն առավել թափանցիկ և կանխատեսելի կդարձնեն պաշտոնյաների ստացած նվերների տնօրինման գործընթացը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, նշեց, որ, եթե, օրինակ, արարողակարգային նվերները օտարվեն, այսինքն՝ չմնան պաշտոնյային կամ չդառնան պետության սեփականություն, դրա հետ կարող է երկրի պետական պատմությունը «ցաքուցրիվ» լինել, և որևէ հետագիծ չի մնա:
«Մի բան ակնհայտ է, որ մենք մեր ընդհանուր հակակոռուպցիոն քաղաքականության մեջ և բարեվարքության քաղաքականության մեջ պետք է գնանք շատ կոնկրետ սահմանափակումների և շատ կոնկրետ կարգավորումների»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախագիծը նաև պետական պաշտոնյաների պաշտպանությանն է վերաբերում, ուստի պետք է այնպես անել, որ պաշտոնյաների խոցելիությունը չմեծանա:
Փաշինյանը նաև ընդգծեց՝ մի բան ակնհայտ է, որ պետական պաշտոնյաները նվեր ստանալու իրավունք չունեն, և պաշտոնյաներին նվեր տալ չի կարելի. դա պետք է արձանագրվի, և դա պետք է դառնա ամենօրյա կյանքի սովորական ընկալում:
«Միջազգային և ոչ միջազգային հարաբերությունների պատմությունը չի կարելի ուղղակի տանել, աճուրդներում դարձնել դրամ և մուտքագրել բյուջե, որովհետև այդ պատմության արժեքը շատ ավելի բարձր է, քան ցանկացած գումար:
Երկրորդը մեր առաջին նպատակը պետք է լինի, այդ թվում, պաշտոնյաներին պաշտպանելը նվերային հետամտումներից և երկրորդը՝ պաշտոնյաներին խոցելի չդարձնելը, որ, օրինակ, մի բաժակ ջուր խմի, ամբողջ իրավական համակարգը ընկնի հետևից»,- ասաց վարչապետը:
Գրիգոր Մինասյանը նշեց, որ միջազգային փորձը ուսումնասիրելիս հասկացել են, որ ամենամեծ ստանդարտը, որ կա, այն է, որ երբեք նվիրողին չպետք է վիրավորել, այսինքն՝ վաճառքը վիրավորանք է, և երբեք չի կարելի վաճառքի միջոցով գույքն այդ իրացնել, և դրա համար է, որ այդ գործառույթը վերապահվելու է պետական արարողակարգային հաստատությանը, որը կորոշի գույքը սակարկություններով նվիրաբերել կամ բարեգործությանը տալ:
«Երկրորդ մասը պետական պարգևներն են ու զենքը՝ վարչապետի կողմից տրվող: Դա այս կարգավորումներով հստակեցրել ենք, որ այս կատեգորիայի մեջ չի մտնում: Այսինքն՝ եթե պետությունը Կառավարությունը բացեիբաց որևէ գույք է նվիրում պետական պաշտոնյային դա իրենն է, չի վերադարձվում [որպես] պետական գույք»,- ասաց նա և հավելեց՝ պետական պաշտոնյան որևէ նվեր ստանալու իրավունք չունի, որը կապված է իր պաշտոնավարման հետ. «Եթե մանկության ընկերը նվեր է տալիս, դա ուրիշ է, բայց եթե, օրինակ, ֆինանսների նախարարից, ում ես ճանաչում եմ, իմ պաշտոնավարման ժամանակ նվեր եմ ստանում, պետք է հրաժարվեմ: Կապ չունի՝ 10 հազար դրա՞մ է, թե՞ 100 հազար: Եթե պետական արարողակարգի շրջանակներում, այցի շրջանակներում նվեր է տրվում պետական պաշտոնյային, որը 60 հազարից դրամից վերև է, չինովնիկը դա պարտադիր պետք է հանձնի պետգույքի կառավարմանը, և արդեն Պետգույքի կառավարման կոմիտեն ինքն է որոշում՝ այդ գույքը ինչ անի»:
Փաշինյանը, եզրափակելով թեման, ընդգծեց. «Մեր ընդհանուր մոտեցումը, դիրքորոշումը սա է. պետական պաշտոնյան նվեր պետք է չստանա, պետական պաշտոնյային նվեր պետք է չտրվի: Սա՝ ի գիտություն մեր բոլոր պաշտոնյաներին և մեր պաշտոնյաներին նվեր տալու ցանկություն և սովորություն ունեցողներին»: