Կառավարությունը միջոցներ հատկացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրելու նպատակով: Ամսական 40 000 դրամ կտրամադրվի ժամանակավոր կացարանում բնակվելու համար, ևս 10 000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Որոշման շրջանակում սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է ֆինանսական միջոցների (30 մլրդ դրամ) հատկացման անհրաժեշտություն, որի մի մասը անհրաժեշտ է հատկացնել 2023-ի ՀՀ պետբյուջեից: Սոցիալական աջակցության տրամադրումը նախատեսված է իրականացնել 6 ամիս ժամկետով:
Որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 19-ի նիստին ներկայանցնելիս ՀՀ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ սույն նախագծով հատկացվում է անհրաժեշտ բյուջեն հոկտեմբերի վճարումները սկսելու համար: Նախարարը նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերի համար նոր դիմումներ գրելու անհրաժեշտություն չի լինի, վճարումների համար հիմք կլինի 100 հազար դրամ սոցիալական աջակցության շահառուների ցուցակը:
Աջակցությունից չեն օգտվի ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, որոնք ՀՀ-ից բացակա են, սեփականության իրավունքով կունենան անշարժ գույք կամ եթե գրանցված կլինեն բնակչության պետռեգիստրում:
«Նոյեմբերից արդեն մենք կգործարկենք էլեկտրոնային հարթակ, որտեղ մեկանգամյա դիմումի հիման վրա կմշակվեն տվյալները, և կտրամադրվի համապատասխան աջակցությունը: Աջակցություն չի տրամադրվի միայն նրանց, ովքեր ունեն սեփականություն, ապրում են պետության հոգածության ներքո՝ խնամքի հաստատություններում կամ այլ համայնքային ու պետական կացարաններում և հնարավորություն կունենան այդ գումարի շրջանակում գտնելու վարձակալության բնակարաններ և տեղափոխվելու»,- ասաց Նարեկ Մկրտչյանը՝ ընդգծելով, որ պետական կառույցները մեծապես կօժանդակեն այդ հարցում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, հորդորեց աջակցության գումարներով բնակարաններ վարձել:
«Նրանք, ովքեր հատուկ խնամքի հաստատություններում չեն, նրանց խնդրում ենք, հորդորում ենք, որպեսզի այս գումարի շրջանակներում նրանք բնակարաններ վարձեն, և մեր դիտարկումները ցույց են տալիս, որ իրատեսական է, որ այդ գնով նրանք կարող են բնարական վարձել և իրենց կեցության հարցերը լուծել»,- ասաց նա:
Նարեկ Մկրտչյանը հավելեց, որ այս պահին պետության հոգածության ներքո գտնվելու կարիք ունի ԼՂ-ից բռնի տեղահանված 220 միայնակ տարեց:
Վարչապետը նաև հորդորեց ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բանկային քարտով աջակցության գումարները տրամադրել:
«Այս պահի դրությամբ մեր հատկացումներն ավելին են, քան 100 միլիոն դոլարը»,- ասաց Փաշինյանը:
Նշենք, որ նախագծի ընդունմամբ որոշում կայացվեց 2023-ի ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 2 մլրդ դրամ՝ 2023-ի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 40 000 անձանց 2023 թ. հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: